ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԻՄ ԴԱՎԱՆԱՆՔԸ ՀԱՅ ՄԱՐԴՆ Է

ԻՄ ԴԱՎԱՆԱՆՔԸ ՀԱՅ ՄԱՐԴՆ Է
26.11.2010 | 00:00

ՊԱՏԱՍԽԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
Հարգելի պարոն ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ես շարքային քաղաքացի եմ, ինձ համար գոյություն չունեն հնչակ-դաշնակ, ՀՀԿ, ԲՀԿ կամ ՀԱԿ ու բակ կուսակցություններ, իմ դավանանքը ՀԱՅ մարդն է իր բարոյաարժեքային համակարգով, միշտ եղել եմ այս տեսակետին, ուստի ոչ մի հանրահավաքի չեմ մասնակցում, ով էլ դա կազմակերպելիս լինի։
Եթե պարոն Լևոն Տեր-Պետրոսյանը ցեղակրոնության և ռասիզմի միջև հավասարության նշան է դրել (թեկուզ ըստ թարգմանության), ապա դա պիտի համարել պարզապես անգիտություն նժդեհյան գաղափարախոսության, որովհետև եթե այդպես լիներ, ապա Նժդեհը կհամագործակցեր ֆաշիստների հետ։ Հայտնի է, որ նա չարեց, նույնիսկ Դրոյի հորդորներին հակառակ։
Նժդեհականությունը բոլոր հարցերում ազգապահպանման, ազգային մտավոր և հոգևոր կարողությունների զարգացմանն ու հզորացմանն ուղղված գաղափարախոսություն է եղել, որը պիտի բերեր ժողովրդի անկախության վերականգնմանը, նրա արդար դատի ճանաչմանն ու արժանապատիվ ապագային` քաղաքակիրթ ազգերի ընտանիքում։
Այսպիսով, դուրս է գալիս, որ ես համակարծիք եմ Ձեզ այդ հարցում և չեմ ընդունում նշված շահարկումը, ավելին, համոզված եմ, որ ինքն էլ է փոշմանել իր համեմատության համար։
Բայց ես այլ հարցերում համաձայն չեմ Ձեզ հետ. լինելով ԱԺ պատգամավոր` քաջատեղյակ եք, թե ինչպես այսօրյա իշխանությունները, «համախմբված նախագահի շուրջ, պայքարում են օլիգարխիկ համակարգին հակահարված տալու, վարչարարական հզոր միջոցներով կոռուպցիայի դեմ պայքարելու համար»։
Եթե առաջին նախագահը չի հասկացել նժդեհական ցեղակրոնության իմաստը, Դուք էլ շփոթել եք (ավելի շուտ գիտությամբ և ոչ թե անգիտությունից), թե ինչ է նշանակում օլիգարխիկ և կոռուպցիոն համակարգի դեմ պայքարի մասին խոսելը, երբ ինքը, իշխանությունն է հենց կոռումպացված և սերտաճած օլիգարխիկ կառույցների հետ։
Բախտի դաժան հեգնանքով «Իրատես de facto»-ի թիվ 25 (235)-ում, որտեղ տպագրված էր Ձեր հարցազրույցը, վերջին էջում թերթի նկարիչը պատկերել էր մի ծաղրանկար, որն ավելի իմաստալից է, քան իմ շարադրելիք որևէ կարծիք-նախադասություն (նայեք դա և շատ բան կհասկանաք նորովի)։
Հիշում եք, Լևոնի ժամանակ վարչապետ էր ոմն պարոն Բագրատյանը: Թղթակցի այն հարցին, թե նա ինչ միջոցներով է «Marlboro» ծխում, երբ երկիրն ապրում է դաժան ժամանակներ, պատասխանել էր, իբր իր` ցածր կարգի հյուրանոց վարձակալելու հաշվին։ Այդ հաշվին էլ տվյալ մարդը դարձավ կոնյակի «Արարատ» տրեստի գլխավոր բաժնետերերից մեկը։
Չեմ խոսելու այդ ժամանակների մեր շատ ու շատ արժանավոր տնտեսական ու քաղաքական գործիչների սպանությունների և առայսօր չբացահայտված լինելու մասին։
Ժողովրդի հիշողությունից և դիտարկումներից հազիվ թե որևէ բան վրիպի։
Դժբախտություն է, բայց փաստ, որ այսօրվա իշխանություններն իրենց նախորդների հոգեզավակներն են, և ինչպես յուրաքանչյուր հաջորդ սերունդ կատարելագործում և բազմապատկում է իրեն ժառանգություն հասած միջոցներն ու գաղափարները, այդպես էլ երեկ (Քոչարյանի օրոք) և այսօր այդ ձևերն ու մեթոդները տասնապատկվել և հարյուրապատկվել են։
Հիշում եմ, երբ 2003 թ. իրաքյան պատերազմից հետո դրամն սկսեց արժևորվել դոլարի նկատմամբ, քանի-քանի տնտեսագետներ և քաղաքական գործիչներ մամուլում և հեռուստատեսությամբ դեմ դուրս եկան այդպիսի գործելաոճին։
Ինչո՞ւ։ Որովհետև իշխող վերնախավը` հանձին Ռոբերտ Քոչարյանի, մի քանի տարում պետք է միլիոնատեր, չէ՛, միլիարդատեր դառնար, այն դոլարների հաշվին, որոնք մեր տարագրված հայրենակիցներն ուղարկում էին իրենց հարազատներին` մի կերպ նրանց բարեկեցությունն ապահովելու համար։
Այն, որ օրվա իշխանությունները և օլիգարխիկ համակարգը սերտաճել են, հայտնի է բոլորին։
Ի՞նչ անեն մարդիկ. հայը միշտ էլ առաջին հարվածն ստացել է յուրայիններից։
Բերեմ միայն մի փաստ. «ՀայՌուսգազարդն» ունի, այսպես կոչված, «ներտնային ծառայություն»։ Այդ ծառայությունը, այս տարվա հունվարի տվյալներով, ժողովրդից հավաքում է (թալանում է) 6 մլրդ 600 մլն (հիմա դա երևի 7 մլրդ կլինի) դրամ։
Հարց 1. Ովքե՞ր են «ՀայՌուսգազարդի» բաժնետերերը։
Հարց 2. Արդյոք այդ կազմակերպությունը կարո՞ղ էր Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի միջնորդությամբ ստանալ անհրաժեշտ համաձայնությունն առանց կաշառքի, երբ մեջտեղում միլիարդներ են։
Հարց 3. Որևէ ստուգող կազմակերպություն ստուգե՞լ է, թե այդ միլիարդներից տվյալ տեսչությունը քանի միլիոնն է ծախսել հօգուտ բնակչության։
Դեռևս 20.02.2009-ին «Իրատես de facto»-ում ես գրել եմ այդ մասին, բայց առայսօր ոչ մեկից պատասխան կամ բացատրություն չեմ ստացել. մի՞թե ավելի պարզ պիտի գրված լիներ։
Ամիսներ առաջ (03.08.2010) «բաց նամակով» դիմեցի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին` աղբահանության վարձավճարները դիֆերենցված ձևով բնակչությունից գանձելու առաջարկով. որպեսզի անտեղյակության տպավորություն չստացվի, նույն օրն իսկ տպագրվածի պատճենը, «անձամբ» մակագրությամբ, հանձնեցի քաղաքապետարանի նամակների բաժին։ Առայսօր «իր» պատասխանը չունեմ։
Ահա այս հարցերն են, որ մարդկանց մտածել են տալիս, որ ընկել են իշխանական-օլիգարխիկ կաղամարների ճանկը, և ազատվելու միակ միջոցը, ինչ գնով էլ լինի, այս երկրից հեռանալն է։
Այնպես որ, նայեք «Իրատես de facto»-ի վերջին էջում տպագրված նշածս ծաղրանկարին և մտածեք, թե ինչքան եք կարողացել Ձեր պատասխաններով համոզել ընթերցողներին։
Գրիգոր ԹՈՐՈՍՅԱՆ
Հեռախոս 23-34-71

Դիտվել է՝ 1053

Մեկնաբանություններ